Սյունիքի և Արցախի տարազ

Ժողովրդական տարազը, սերտորեն կապված լինելով ժողովրդի պատմության ու մշակույթի, ազգային ինքնատիպ խառնվածքի, գեղագիտական նախասիրությունների ու ընկալումների հետ, էթնիկ ցուցիչի կարևորագույն դեր է կատարում․ հայկական տարազը բացառություն չէ, այն լավագույնս բնորոշում է հայ մարդու բնավորությունը, վերջինիս կապն իր պատմության, ավանդույթների, մշակույթի, բնության հետ, մյուս կողմից էլ հայկական լեռնաշխարհի ամեն մի տարածաշրջան իր ուրույն հետքն է թողել հայկական ավանդական հագուստի ու զարդեղենի վրա։ Հայկական ավանդութային տարազախմբում կնոջ Սյունիք-արցախյան տարազը միակն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը։ Արցախի, Սյունիքի, Սիսիանի, Գորիսի բնակավայրերում (Սյունիք-արցախյան տարազախմբի ընդգրկման շրջանը բավականին լայն է) մինչև վերջերս կարելի էր տեսնել հայկական ավանդական տարազով տատիկների․ Արցախ աշխարհում նրանց կոչում են «այա» մայրիկ, կամ` «խըլեղով» (արխալուղ, երեքփեշկանի պարեգոտ հագած) կին:

Հարուստ կանանց վերարկուի վրա 2 սմ նեղ ժապավենով արվում էր ոսկեթել ասեղնագործություն և օգտագործվում էր որպես զարդարանք: Կարմիր թավիշե վերարկուի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ գույնի կտորե նեղ ժապավեն: Թևքերը կարճ էր արվում: Թևաբերանում նույնպես կարվում էին մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երեք փեղկանի էր, այսինքն առաջամասը բաց էր, կողքերից` նույնպես, և ժողովրդական լեզվով կոչվում երեքփեշկանի: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավը) , կանաչ վերնազգեստ` վրան քուրք:

 Սյունիքում և Արցախում կանացի զարդերը արծաթից էին, ինչը շատ էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր արծաթյա ճակտնոցով, քունքերին արծաթյա գինդերի շարանով: Գլխաշորը ամրացնելու համար գլխին օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և բոժոժներ: Հագուստի թևերը և թևի բերանները զարդարված էին լինում բոժօժներով և արծաթէ սրմայով: Գոտին` սև կաշվի վրա ամրացված արծաթյա կոճակներով է և Արցախին բնորոշ գեղեցիկ ու արտահայտիչ ճարմանդով: Գուլպաները գործում էին բրդյա թելերով, իսկ ոտնամանների ծայրերը սոլերի նման բարձրացած և ոլորած էին:

Արցախի տարազի մի տարատեսակը Մեղրու տարազն է: Մեղրու կանացի տարազի գլխի հարդարանքի մեջ ականջակալ-քունքազարդի շարանը ունի արծաթե շատ նուրբ կախիկներ, որի ծայրերի մարջանի ուլունքները հիշեցնում են հոնի հատիկներին: Վերջինս շատ հարուստ տեսք է տալիս գլխի հարդարանքին:

Զանգեզուրի և Մեղրիի տարազների մեջ կան որոշակի նմանություններ: Զանգեզուրի կանայք հագնում էին կարմրագույն Հալավ (զգեստ) և վրայից մինչև ծնկները կանաչագույն Արխալուղ (զգեստ մինչև ծնկներ), հատուկ են արխալուղի թևերը, նշանավոր են իրենց երկարությամբ, երիզներով և արծաթե զարդերով զարդարված աշխատանքներով:     Գլխահարդարը բավականին բարդ է, նա կրում է Մետակը՝ միայն մի կտորից բաղկացած, որը կապվում է ծոծրակին և վրայից Պալտին (կանանց գլխին դնելու և վրան գլխակապի մյուս մասերը սարքելու կտորից շրջանակ), որի վրայից կապվում է երկրորդ Մետակը:

Աղղբյուրներ՝ 1) հղում, 2) հղում, 3) հղում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով